Այժմ անցենեք բաղադրատոմսին: Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
- նոր կարտոֆիլ (1կգ)
- նեխուր (քարավուզ) ( 1կապ, որից ստացվեց մոտ 2 բաժակ ձողերով կտրատված նեխուր, կանաչ տերևները հանկարծ չշպրտեք, այն օգտագործելու ենք ձվածեղի մեջ)
- սխտոր և սոխ ( 5+2 պճեղ (2 պճեղն օգտագործելու ենք ձվածեղի մեջ), 1 գլուխ սոխ
- ձու (4 հատ)
- համեմ (մի փոքր փունջ)
- կանաչ սոխ (մի փոքր փունջ)
- բուսայուղ (4+ 2 ճաշի գդալ, այսինքն ես ընդհանուր օգտագործել եմ 6 ճաշի գդալ, դուք գտագործեք այնքան, ինչքան սովորաբար լցնում եք)
- աղ (ըստ ճաշակի)
- սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի, ես օգտագործել եմ 1/2 թեյիի գդալ սև պղպեղ և 2 թեյի գդալ կարմիր քաղցր պղպեղ
- չաման (1 թեյի գդալ, եթե չեք սիրում, կարող եք չլցնել)
- հաց (չորահացի համար)
Անցնենք պատրաստման եղանակին․
- Նոր կարտոֆիլը խոզանակով լավ լվանալ հոսող ջրի տակ: Եթե կարտոֆիլները տարբեր չափերի են, խոշորը կիսել, փոքրերը թողնլ առանց կտրելու:
- Տապակի մեջ բուսայուղ լցնել, դնել կրակին և մի քիչ տաքացնելուց հետո ավելացնել կարտոֆիլները: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, չամանով: Մի լավ խառնելուց հետո փակել կափարիչով և տապակել մոտ 15 -20 րոպե (ցածր կրակի տակ) կամ մինչև որ կարտոֆիլները կիսով չափ եփված լինեն:
- Այս ընթացքում նեխուրը կտրատել 3-4 սմ ձողերի: Կանաչ տերևները նույնպես կտրաստել մանր մասերի, իսկ սխտորի պճեղները կիսել երկու մասի: Եթե գլուխ սոխ եք ավելացնելու բաղադրատոմսին, գլուխ սոխն էլ կտրատել խոշոր կտորների (օղակաձև կամ կիսալուսնաձև): Կանաչ սոխն ու համեմը նույնպես մանր կտրատել և դնել մի կողմ:
- Երբ կարտոֆիլներն արդեն կիսաեփ են, ավելացնել նեխուրի ձողերը, սխտորի պճեղները և սոխի կտորները, եթե որոշել եք սոխ օգտագործել:
- Բանջարեղենըն առանց խառնելու փակել կափարիչով և եփել ևս մոտավորապես 15 րոպե: Նեխուրն ու սխտորը պետք է մնան կարտոֆիլի վրա՝ չկպչեն թավային, որպեսզի ժամանակ ունեն եփվելու: Քանի որ դրանք երկուսն էլ հակում ունեն արագ վառվելու: Իսկ վառված սխտորը կարող է փչացնել ամբողջ ճաշատեսակի համն ու հոտը:
- Մինչ բանջարեղենը եփվում է, կարող եք անցնել ձվածեղի պատրաստմանը: Առանձին թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել մանր կտրատված սոխը և սխտորը և տապակել, մինչև ոսկեգույն դառնալը: Այնուհետև ավելացնել նախապես կտրատված նեխուրի տերևները, համեմեք աղով, սև և կարմիր պղպեղներով և տապակել մոտ մեկ-երկու րոպե: Անջատել թավայի տակ և թողնել մի քիչ հովանա:
- Այս ընթացքում հետևեք տապակվող կարտոֆիլին և նեխուրին, խառնեք մի քանի անգամ: Հանեք կափարիչը և թողեք կարմրի: Երբ բանջարեղենն արդեն պատրաստ է, անջատել գազօջախը և ավելացնել կտրատած համեմն ու կանաչ սոխը:
- Այս ընթացքում տապակված նեխուրի տերևները կհասցնեն հովանալ: Ձվերը հարել և տապակված կանաչիների զանգվածը լցնել հարած ձվերի մեջ: Մի լավ խառնելուց հետո, այն հետ լցնել նույն թավայի մեջ, որը պետք է նախապես տաքացնել, փակել կափարիչով և տապակել երկու կողմից, ինչպես սովորաբար տապակում եք ձվածեղը:
- Քանի որ իմ ընտանիքի բոլոր անդամները չորահաց շատ են սիրում, որոշեցի չորահաց էլ պատրաստել այս բաղադրատոմսում: Չորահացը շատ հեշտ է պատրաստվում: Այն պատրաստելու համար ընդամենը պետք է թավայի մեջ շատ քիչ բուսայուղ լցնել և տապակել հացի կտորները երկու կողմից: Կարող եք բուսայուղ չավելացնել և ջեռոցում չորացնել:
- Երբ բաղադրատոմսի բոլոր բաղադրիները պատրաստ են կարող եք մատուցել ափսեների մեջ: Ահա և իմ ափսեն, ես որոշեցի մի քիչ թթվաշություն հաղորդել բաղադրատոմսին և մի քիչ կետչուպ ավելացրեցի:
Ինձ շատ դուր եկավ այս բաղադատոմսը: Հուսով ձեզ էլ այն դուր կգա, եթե երբևէ որոշեք փոձել այն: Իսկ ես ձեզ հաճելի օր եմ մաղթում: Մինչ հանդիպում: :) :) :)
No comments:
Post a Comment