Tuesday, May 5, 2015

Բորշչ (Ուկրաինական ավանդական ապուր բանջարեղենով և մսով)


Ողջույն բոլորին: Այսօրվա բաղադրոտոմսը Ուկրաինական բորշչն է: Բորշչը շատ լավ միջոց է ձեր սննդակարգում միանգամից տարբեր բանջարեղեններ ներառելու համար: Այն իմ ամենասիրած  և շատ հաճախակի պատրաստվող բանջարեղենային ապուրներից մեկն է: Բորշչն ավանդաբար մատուցվում է թթվասեով կամ մածունով (քամած մածունով): Այն կարող եք պատրաստել մսով (հիմնականում տավարի մսի ոսկորոտ, ողայի հատվածը համարվում է ամենահարմարը բորշչի համարը) կամ առանց մսի պատրաստել: Եթե առանց միս եք պատրաստել, կարող եք այն նույնիսկ սառը մատուցել: Գոյություն ունի, այսպես ասած, «Սառը բորշչ» (Холодный борщ) հասկացությունը: Բորշչի այս տարբերակը նույնպես շատ տարածված է Ռուսաստանում և Ուկրաինայում: Ահա իմ պատրաստած բորշչի վերջնական տեսքը: Ես այն մատուցել եմ թթվասերով, թարմ սխտորի օղակներով և չորահացով:


Ահա թե ես ինչպես եմ սովորաբար պատրաստում այս հրաշալի Ուկրաինական ապուրը: Այս ապուրը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
  • կաղամբ (300 գր, կտրատված վիճակում 3 բաժակ)
  • գազար (2 միջին չափի)
  • բազուկ (2 միջին չափի)
  • կարտոֆիլ (4 միջին չափի)
  • տոմատի մածուկ (2 ճաշի գդալ)կամ թարմ լոլիկ (2-3 հատ)
  • գլուխ սոխ (1միջին չափի)
  • սխտոր (4 պճեղ )
  • տավարի միս (750 գր )
  • թարմ կանաչեղեն՝ համեմ, սամիթ, մաղադանոս (ամեն մեկից մի փոքր փունջ)
  • կանաչ սոխ, թարմ սխտորի տերևնեի հետ միասին (ամեն մեկից մի քանի հատ,եթե ձեռքի տակ չունեք, կարող եք չլցնել)
  • դափնու տերև (2 հատ)
  • աղ (ըստ ձեր ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղներ (ըստ ճաշակի, ես լցնում եմ 1/2թեյի գդալ սր պղպեղ և 2 թեյի գդալ քաղցր կարմիր պղպեղ )
  • չաման (1 թեյի գդալ, եթե չեք սիրում կամ չունեք ձեռքի տակ, կարող եք չավելացնել)
  • բուսայուղ (3 ճաշի գդալ)
  • հաց (չորահացի համար)
  • թթվասեր կամ քամած մածուն, կարող եք սովորական մածուն օգտագործել (ամեն ափսեի համար 1 ճաշի գդալ)
Այժմ անցնենք պատրաստման եղանակին․
  • Եթե որոշել եք մսով բորշչ պատրաստել, ապա նախ և առաջ պետք է կտրատած միսը լվանաք և եփեք մոտ 30-40 րոպե կամ մինչև որ միսն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ եփված լինի:
  • Մինչ միսը կեփվի, կտրատեք բանջարեղենը, ինչպես նաև՝ կանաչեղենը: Կարտոֆիլը կտրատեք միջին չափի խորանարդների, կաղամբը շերտատեք երկար, բարակ շերտերի (ինչքան բարակ, այնքան լավ): Գազարն ու բազուկը նույնպես կտրատել երկար ու հնարավորիս բարակ ձողերի: Գլուխ սոխը և սխտորը, կանաչիները, ինչպես նաև կանաչ սոխն ու սխտորը նույնպես մանր կտրատել: 

  • Երբ միսը եփվի, հանեք մսի կտորները արգանակից, իսկ արգանակը քամիչով քամեք: Եթե միսը ոսկորոտ է, ապա հնարավոր է, որ արգանակում մանր ոսկերի կտորներ լինեն: 
  • Խորը կաթսայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել կտրատված գլուխ սոխը, սխտորը և թեթևակի տապել: Ավելացնել մսի կտորները, կարտոֆիլը, մնացած կտրատված բանջարեղենը և նույնպես թեթևակի տապակել: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, չամանով, ավելացնել տոմատի մածուկը և մի լավ խառնել: 

  • Դրանից հետո ավելացնել մսի արգանակը, դափնու տերևները, փակել կափարիչով և եփել մարմանդ կրակի տակ մետ կես ժամ կամ այնքան ժամանակ, մինչև բանջարեղենն ամբողջությամբ եփված լինի: 

  • Երբ բորշչն արդեն պատրաստ լինի, լցրեք խորը ափսեների մեջ, մի-մի գդալ թթվասեր կամ մածում լցրեք, մի քիչ էլ կանաչ սոխ ու սխտոր ցանեք: Եթե դուք էլ ինձ նման ապուրն առանց չորահացի չեք պատկերացնում, մի քիչ էլ չորահաց պատրաստեք: 
  • Չորահացերը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը հացի կտրները տապակել թավայի մեջ՝ շատ քիչ բուսայուղ ավելացնելով: Ես չորահացերը համեմել եմ քաղցր կարմիր պղպեղով: 

  •  Եվ ահա այս հրաշալի համ և բույր ունեցող բորշչը պատրաստ է, և մենք այն կարող ենք ըմբոշխնել: 

Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը: Մաղթում եմ ձեզ հաճելի օր: Մինչ հանդիպում: :) :) :) 

Flag Counter

No comments:

Post a Comment