Ողջու՜յն իմ բոլոր ընթերցողներին: Այսօր որոշեցի կիսվել ձեզ հետ իմ կողմից ամենասիրված և ամենից հաճախ պատրաստվող նախաճաշի բաղադրատոմսով: Ես կարող եմ ամեն առավոտ ուտել այս վարսակի փաթիլներով, կեֆիրով և մրգերով նախաճաշը և երբեք չձանձրանալ դրանից: Ահա, թե ինչքան շա՜տ եմ հավանում այս նախաճաշը: Միգուցե գաղտնիքն այն է, որ փոխելով մրգերը, ընկուզեղեն կամ չամիչ (կամ այլ չրեր) ավելացնելով՝ այս նախաճաշն ամեն անգամ նոր համային հատկանիշներ է ձեռք բերում : Մի խոսքով, այս նախաճաշն ինձ երբեք չի հոգնեցնում: Բոլորս գիտենք վարսակի առողջարար հատկանիշների մասին: Այն պարունակում է
սպիտակուցներ, ամինաթթուներ, ի տարբերություն մի շարք այլ հացահատիկային բուսատեսակների՝ չի պարունակում գլյուտեն, պարունակում է բավարար քանակությամբ մի շարք վիամիններ՝ E, PP, K, B խմբի վիտամիններ (B2, B5, B6, B9), որոնք այդքան անհրաժեշտ են մեր օրգանիզմի գործունեության համար: Վարսակի փաթիլներն այս բաղադրատոմսում չենք եփելու, այլ օգտագործելու են հում վիճակում: Ճիշտն ասած՝ վարսակի շիլա ես այնքան էլ չեմ սիրում: Բայց ահա այս նախաճաշի միջոցով ես կարողացել եմ վարսակի փաթիլները դարձնել իմ ամենասիրելի նախաճաշի անբաժանելի մասը: Այս բաղադրատոմսում հիմնական բաղադրիներն ընդամենը մի քանիսն են: Դրանք են՝ վարսակի փաթիլները, կեֆիր կամ մածուն (նույնպես շատ համեղ է ստացվում), շաքարավազ (եթե ցանկանում եք, կարող չլցնել, եթե ձեզ բավարարում է մրգերի քաղցրություը): Մնացած բաղադրիցները կարող եք փոխել: Ամեն անգամ կարող եք տարբեր մրգեր օգտագործել, կարող եք ավելացնել չամիչ կամ այլ չրեր և տարբեր տեսակի ընկուզեղեն: Ու ամեն անգամ այս նախաճաշը կզարմացնի ձեզ իր անկրկնելի համով, էլ չեմ նշում առողջարար հատկանիշների մասին: Այս նախաճաշն ուտելուց հետո մինչև ճաշ քաղցի զգացողություն չեք ունենա, քանի որ այն նաև շատ հագեցնող է: Այս փաստը շատ կօգնի այն մարդկանց, ովքեր ուզում են նիհարել, կամ իրենց սննդակարգը ուզում են ավելի առողջարար դարձնել:

Այժմ անցնենք բուն բաղադրատոմսին: Այս նախաաշը պատրաստելու համար ձեզ անհրաժեշ են․
- կեֆիր կամ մածուն (1բաժակ - կարող եք օգտագործել նաև յոգուրտ կամ յոգուրտ և թթվասեր իրար հետ խառնած՝ հավասար չափաբաժիններով)
- վարսակի փաթիլներ (2 լիքը ճաշի գդալ)
- շաքարավազ (ըստ ճաշակի)
- ցանկացած միրգ կամ հատապտուղ (խնձոր, դեղձ, ծիրան, սալոր, խաղող, բանան կամ ելակ, ազնվամորի, հաղարջ, ինչ-որ ունեք ձեր ձեռքի տակ)
- կարող եք ավելացնել նաև չամիչ, սալորաչիր, ծիրանի չիր կամ այլ ցանկացած չիր
- ցանկացած ընկուզեղեն (ընկույզ, պնդուկ, նուշ, հնդկական ընկույզ և այլն)
Այժմ անցենք պատրաստման եղանակին․
- Կեֆիրը (մածունը, յոգուրտ+թթվասերը, ինչ-որ ունեք ձեռքի տակ), վարսակի փաթիլները, շաքարավազը մի լավ խառնել և դնել մի կողմ: Մինչ վարսակի փաթիլները փափկում են, կտրատել մրգերը և ընկուզեղենը, եթե չրեր եք ավելացնելու, կտրատեք նաև չրերը: Ձեզ անհրաժեշտ է մոտավորապես մեկ բաժակ կտրատած միրգ, մեկ ճաշի գդալ չամիչ կամ այլ կտրատած չրեր, մեկ ճաշի գդալ կտրատած ընկուզեղեն: Եթե չրեր եք օգտագործելու, դա էլ ավելացրեք կեֆիրի կամ վերոհիշյալ այլ կաթնամթերքների մեջ փափկած վարսակի փաթիլների զանգվածին և խառնեք, որպեսզի դրանք էլ մի քիչ փափկեն: Այդ զանգվածը լցնել մատուցվող ամանների մեջ (ես սիրում եմ մեծ բաժակներ օգտագործել) և վերևից ավելացնել կտրատած մրգերը կամ հատապտուղները, կտրատած ընկուզեղենը: Այն կբավականացնի մոտ 2 կամ նույնիսկ 3 մարդու համար:
Հուսով եմ՝ ձեզ էլ դուր եկավ այս բաղադրատոմսը: Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքները: Եթե ունեք հարցեր, կարող եք գրել ստորև գտնվող մեկնաբանությունների հատվածում: Մաղթում եմ ձեզ հաճելի օր: Մինչ հանդիպում: :) :) :)
No comments:
Post a Comment