Ողջույն բոլորին: Այսօրվա բաղադրատոմսը դուր կգա բոլոր քաղցրասեր մարդկանց և, իհարկե, երեխաներին: Չամիչով այս բլիթները կարող եք պատրաստել շաբաթ կամ կիրակի օրը՝ առավոտյան, այն հրաշալի նախաճաշ կլինի բոլորի համար: Եթե չամիչ չեք սիրում ինչ-որ պատճառով, կամ չունեք ձեռքի տակ, հոգ չէ, կարող եք առանց չամիչի պատրաստել: Որդիս՝ Կարենը, շատ է սիրում չամիչ, այդ է պատճառը, որ որոշեցի մի քիչ չամիչ ավելացնել: Արդյունքում շատ համեղ, ոչ շատ յուղոտ բլիթներ ստացվեցին: Բլիթների մի մասը մատուցեցի շոկոլադե սոուսով՝ գլազուրով, (Կարենս նախընտրեց այս տարբերակը), մի մասը՝ բանանով և շոկոլադե սոուսով, իսկ մնացածը՝ նարնջով և շաքար փոշիով: Իսկ ես իմ բլիթները նախ թաթախեցի շոկոլադե սոուսի մեջ, այնուհետև ավելացրեց և՛ բանան, և՛ նարինջ: Իսկ դուք որ՞ը կնախընտրեիք: :) :) :)

Իսկ հիմա անցնենք բլիթների պատրաստմանը: Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները:
Բլիթի խմորի համար՝
- թթվասեր կամ մածուն (200 գր)
- ձու հատ (3 հատ)
- շաքարավազ (1/2 բաժակ)
- սոդա (1/2 թեյի գդալ)
- աղ (մի պտղունց)
- վանիլ (մի պտղունց)
- ալյուր (1 բաժակ)
- չամիչ (1/2 բաժակ)
- բուսայուղ (բլիթները տապակելու համար)
- կակաո (2 լիքը ճաշի գդալ)
- կաթ (100 մլ, կարող եք փոխարինել թթվասերով, շատ համեղ է ստացվում)
- շաքարավազ (2 ճաշի գդալ)
- կարագ (50 գր)
- վանիլ (մի պտղունց)
Այս բաղադրատոմսով կարելի է պատրաստել ավելի քան 25 փոքրիկ բլիթ՝ կախված, թե ինչ տրամագծի բլիթներ եք պատրաստում:
- Բլիթի խմորը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է ջարդել ձվերը, ավելացնել շաքարավազը և հարել էլեկտրական հարիչով (կամ պարզապես պատառաքաղով): Թթվասերի կամ մածունի մեջ ավելացնել սոդան և մի լավ խառնելուց հետո ավելացնել հարած ձվերի զանգվածին: Այնուհետև, ավելացնել մի պտղունց աղ, վանիլը, ալյուրը և նորց հարել էլեկտրական հարիչով:
- Երբ բլիթի խմորը, կարելի ասել, պատրաստ է, ավելացնել չամիչը և մի լավ խառնել գդալով:
- Թվան դնել կրակին, բուսայուղ ավելացնել և տապակել բլիթները միջին տաքության վրա, որպեսզի բլիթների ներսում հում խմոր չմնա:
- Բլիթները տապակելուց հետո անցեք շոկոլադե սոուսի պատրաստմանը: Փոքր, էմալապատ ամանի մեջ լցնել կակաոն, շաքարավազը, վանիլը, կաթը կամ թթվասերը, մի լավ խառնել և դնել կրակին: Եփել զանգվածը մոտ երկու-երեք րոպե, մինչև թանձրանա: Շոկոլադե զանգվածը վերցնել կրակից, ավելացնել կարագը և խառնել այնքան, միչև որ կարագը հալվի: Ահա և շոկոլադե գլազուրը պատրաստ է: Կարող եք այն բլիթների վրա լցնել, կարող եք առանձին ամանով մատուցել, կամ էլ կարող եք հատ-հատ թաթախել բլիթները գլազուրի մեջ, և կստացվեն շոկոլադապատ բլիթներ: :) :) :)
- Բլիթները մատուցելու բազմաթվ տարբերակներ կան: Հորինեք ձեր սիրած տարբերակը:
Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը: Կիսվեք ինձ հետ ձեր կարծիքներով, և ես սիրով կպատասխանեմ ձեզ: Մինչ նոր հանդիպում :) :) :)
No comments:
Post a Comment