Tuesday, April 28, 2015

ՎԱՐՍԱԿԻ ՓԱԹԻԼՆԵՐՈՎ, ԿԵՖԻՐՈՎ ԵՎ ՄՐԳԵՐՈՎ ՆԱԽԱՃԱՇ

Ողջու՜յն իմ բոլոր ընթերցողներին: Այսօր որոշեցի կիսվել ձեզ հետ իմ կողմից ամենասիրված և ամենից հաճախ պատրաստվող նախաճաշի բաղադրատոմսով: Ես կարող եմ ամեն առավոտ ուտել այս վարսակի փաթիլներով, կեֆիրով և մրգերով նախաճաշը և երբեք չձանձրանալ դրանից: Ահա, թե ինչքան շա՜տ եմ հավանում այս նախաճաշը: Միգուցե գաղտնիքն այն է, որ փոխելով մրգերը, ընկուզեղեն կամ չամիչ (կամ այլ չրեր) ավելացնելով՝ այս նախաճաշն ամեն անգամ նոր համային հատկանիշներ է ձեռք բերում : Մի խոսքով, այս նախաճաշն ինձ երբեք չի հոգնեցնում: Բոլորս գիտենք վարսակի առողջարար հատկանիշների մասին: Այն պարունակում է սպիտակուցներ, ամինաթթուներ, ի տարբերություն մի շարք այլ հացահատիկային բուսատեսակների՝ չի պարունակում գլյուտեն, պարունակում է բավարար քանակությամբ մի շարք վիամիններ՝ E, PP, K, B խմբի վիտամիններ (B2, B5, B6, B9), որոնք այդքան անհրաժեշտ են մեր օրգանիզմի գործունեության համար: Վարսակի փաթիլներն այս բաղադրատոմսում չենք եփելու, այլ օգտագործելու են հում վիճակում: Ճիշտն ասած՝ վարսակի շիլա ես այնքան էլ չեմ սիրում: Բայց ահա այս նախաճաշի միջոցով ես կարողացել եմ վարսակի փաթիլները դարձնել իմ ամենասիրելի նախաճաշի անբաժանելի մասը: Այս բաղադրատոմսում հիմնական բաղադրիներն ընդամենը մի քանիսն են: Դրանք են՝ վարսակի փաթիլները, կեֆիր կամ մածուն (նույնպես շատ համեղ է ստացվում), շաքարավազ (եթե ցանկանում եք, կարող չլցնել, եթե ձեզ բավարարում է մրգերի քաղցրություը): Մնացած բաղադրիցները կարող եք փոխել: Ամեն անգամ կարող եք տարբեր մրգեր օգտագործել, կարող եք ավելացնել չամիչ կամ այլ չրեր և տարբեր տեսակի ընկուզեղեն: Ու ամեն անգամ այս նախաճաշը կզարմացնի ձեզ իր անկրկնելի համով, էլ չեմ նշում առողջարար հատկանիշների մասին: Այս նախաճաշն ուտելուց հետո մինչև ճաշ քաղցի զգացողություն չեք ունենա, քանի որ այն նաև շատ հագեցնող է: Այս փաստը շատ կօգնի այն մարդկանց, ովքեր ուզում են նիհարել, կամ իրենց սննդակարգը ուզում են ավելի առողջարար դարձնել:


Այժմ անցնենք բուն բաղադրատոմսին: Այս նախաաշը պատրաստելու համար ձեզ անհրաժեշ են․
  • կեֆիր կամ մածուն (1բաժակ  - կարող եք օգտագործել նաև յոգուրտ կամ յոգուրտ և թթվասեր իրար հետ խառնած՝ հավասար չափաբաժիններով)
  • վարսակի փաթիլներ  (2  լիքը ճաշի գդալ)
  • շաքարավազ (ըստ ճաշակի)
  • ցանկացած միրգ կամ հատապտուղ (խնձոր, դեղձ, ծիրան, սալոր, խաղող, բանան կամ ելակ, ազնվամորի, հաղարջ, ինչ-որ ունեք ձեր ձեռքի տակ)
  • կարող եք ավելացնել նաև չամիչ, սալորաչիր, ծիրանի չիր կամ այլ ցանկացած չիր
  • ցանկացած ընկուզեղեն (ընկույզ, պնդուկ, նուշ, հնդկական ընկույզ և այլն)
Այժմ անցենք պատրաստման եղանակին․
  • Կեֆիրը (մածունը, յոգուրտ+թթվասերը, ինչ-որ ունեք ձեռքի տակ), վարսակի փաթիլները, շաքարավազը մի լավ խառնել և դնել մի կողմ: Մինչ վարսակի փաթիլները փափկում են, կտրատել մրգերը և ընկուզեղենը, եթե չրեր եք ավելացնելու, կտրատեք նաև չրերը: Ձեզ անհրաժեշտ է մոտավորապես մեկ բաժակ կտրատած միրգ, մեկ ճաշի գդալ չամիչ կամ այլ կտրատած չրեր, մեկ ճաշի գդալ կտրատած ընկուզեղեն: Եթե չրեր եք օգտագործելու, դա էլ ավելացրեք կեֆիրի կամ վերոհիշյալ այլ կաթնամթերքների մեջ փափկած վարսակի փաթիլների զանգվածին և խառնեք, որպեսզի դրանք էլ մի քիչ փափկեն: Այդ զանգվածը լցնել մատուցվող ամանների մեջ (ես սիրում եմ մեծ բաժակներ օգտագործել) և վերևից ավելացնել կտրատած մրգերը կամ հատապտուղները, կտրատած ընկուզեղենը: Այն կբավականացնի մոտ 2  կամ նույնիսկ 3 մարդու համար: 

Հուսով եմ՝ ձեզ էլ դուր եկավ այս բաղադրատոմսը: Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքները: Եթե ունեք հարցեր, կարող եք գրել ստորև գտնվող մեկնաբանությունների հատվածում:  Մաղթում եմ ձեզ հաճելի օր: Մինչ հանդիպում: :) :) :)



Flag Counter

Sunday, April 12, 2015

ՔԱՂՑՐ ՆՐԲԱԲԼԻԹՆԵՐ (ԿՐԵՊՍ) ՇՈԿՈԼԱԴԵ ՄԻՋՈՒԿՈՎ

Ողջու՜յն իմ բոլոր ընթերցողներին: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում շոկոլադե միջուկով նրբաբլիթների այս բաղադրատոմսը: Կարծում եմ՝ դուք էլ կհավանեք այն: Կիրակի օրերին, երբ ավելի շատ եմ ազատ ժամանակ ունենում, սիրում եմ ինչ-որ յուրահատուկ բան պատրաստել նախաճաշին, քանի որ սովորաբար ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում, և բոլորս կարող ենք հանգիստ վայելել մեր նախաճաշը: Ահա, թե ինչպիսի տեսք ունեն շոկոլադե միջուկով իմ պատրաստած նրբաբլիթները: Կարծում եմ՝ հաճելի և ախորժաբեր տեսք ունեն, էլ համի մասին չեմ խոսում, շա՜տ համեղ էին: :) :) :)

 
Այժմ անցնենք բաղադրատոմսին: Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
  •  ձու (2 հատ)
  • շաքարավազ  (2 ճաշի գդալ) 
  • բուսայուղ (3 ճաշի գդալ)
  • կաթ (1 բաժակ)
  • գոլ ջուր (1/2 բաժակ)
  • սոդա (1/2 թեյի գդալ)
  • մի պտղունց աղ
  • վանիլ (1/2 թեյի գդալ)

Այժմ անցնենք պատրաստմանը․
  • Ձվերը, շաքարավազը, աղը, վանիլը լցնել թասի մեջ և մի լավ հարել էլեկտրական հարիչով: Այնուհետև ավելացնել կաթը, գոլ ջուրը, սոդան, բուսայուղը և նոից հարել: Դրանից հետո ավելացնել ալյուրը և հարել, մինչև միատարր զանգված ստացվի: Ահա և նրբաբլթներ խմորը պատրաստ է: Այն ձեզանից շատ ժամանակ չի խլի: 
  • Այժմ անցնենք նրբաբլթների թխմանը: Տաքացնել փոքրիկ թավան միջին կրակի վրա (այստեղ շատ կարևոր է, որ թավան ունենա չկպչող հատուկ մակերես, որպեսզի ստիպված չլինեք ամեն անգամ բուսայուղով պատել թավայի մակերեսը: Այսպիսի սովորական թավայի վրա նույնպես կարելի է պատրաստել, սակայն շատ աշխատատար է): Երբ արդեն թավան լավ տաքացել է, նրբաբլիթի խմորի զանգվածից մի փոքրիկ շերեփ լցնել թավայի մեջ, տարածել ամբողջ մակերեսով, և մնացածը հետ լցնել թասի մեջ: Թավայի տաք մակերեսի հետ շփվելով՝ խմորի անհրաժեշտ քանակը անմիջապես եփվում և կպչում է թավային: Ավելորդ զանգվածը հետ լցնելով՝ դուք կխուսափեք հաստ նրբաբլիթներ թխելուց: Հավատացնում եմ՝ ոչ ոք չի սիրում հաստ նրբաբլիթներ ուտել :) :) :)


  • Հետ դնել թավան կրակին և թխել մի քանի վայրկյան: Այնուհետև, փայտե գդալով բարձրացնել նրբաբլիթի ծայրը (այն հեշտությամբ կպոկվի) և շրջել մյուս կողմի վրա: Մի քանի վայրկյան թխելուց հետո նրբաբլիթը դնել չոր մակերեսի վրա, որպեսզի մի քիչ հովանա: Մի քանի վայրկյան հովանալուց հետո նրբաբլիթները դնել իրար վրա: Եթե միանգամից իրար վրա շարեք, հնարավոր է, որ նրբաբլիթները կպնեն իրար: Այս ձևով թխել բոլոր նրբաբլիթները:
Շոկոլադե կրեմի (սոուսի) համար ձեզ անհրաժեշտ են․
  • կակաո (2 ճաշի գդալ)
  • թթվասեր (2 ճաշի գդալ)
  • եփած -խտացրած կաթ (200 մլ)
  • շաքարավազ (1 ճաշի գդալ), կարող եք չավելացնել, եթե խտացրած կաթի քաղցրություն բավարարում է ձեզ
  • վանիլ ( 1/4 թեյի գդալ)
  • կարագ (25 գր, կամ մոտավորապես 1 ճաշի գդալ, եթե մտահոգվում եք շոկոլադե սոուսի բարձր կալորիականությամբ, կարող եք կարագ չավելացնել, այն սոուսի կոնսիստենցիայի և նույնիսկ համային հատկանիշների վրա չի ազդի)
Կակաոն, շաքարավազը (եթե իհարկե, ամենուամենայնիվ, որոշել եք ավելացնել), վանիլը և թթվասերը մի լավ խառնել իրար հետ փոքրիկ, էմալապատ կաթսայի մեջ, մինչև միատարր զանգված ստանալը: Կաթսան դնել մարմանդ կրակին և անընդհատ խառնելով եփել մոտ մեկ-երկու րոպե: Ավելացնել եփած-խտացրած կաթը, կարագը (եթե որոշել եք ավելացնել) մի լավ խառնել և վերցնել կրակից: Ահա և շոկոլադե կրեմը (սոուսը) պատրաստ է: 

Անցնենք նրբաբլիթների մատուցմանը․
  • Երբ արդեն նրբաբլիթները պատրաստ են, շոկոլադե կրեմը ծորացնել նրբաբլիթների վրա, ծալել և դնե ափսեի մեջ: Այս համեղ նրբաբլիթները կարող եք մատուցել տարբեր մրգերով կամ հատապտուղներով՝ մի գավաթ սուրճի կամ թեյի հետ միասին:
  • Եթե ինչ-որ պատճառով չեք ուզում կամ չեք կարող պատրաստել այս շոկոլադե սոուսը, կարող եք ցանկացած այլ շոկոլադե կրեմ քսել, որոնք վաճառվում են խանութներում, օրինակի համար՝ Նուտելլա, կամ ցանկացած այլ մեկը՝ ըստ ձեր ճաշակի:

Հուսով եմ` ձեզ դուր եկավ նրբաբլիթների այս բաղադրատոմսը: Մինչ հանդիպում: :) :) :) 

Flag Counter

Friday, April 10, 2015

ՀԱՎԻ ԹԵՎԻԿՆԵՐՈՎ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՏԱՊԱԿԱ


Ողջու՜յն իմ բոլոր ընթերցողներին: Այսօրվա բաղադրատոմսը՝ հավի թևիկներով և կարտոֆիլով տապական, իմ ընտանիքի անդամների ամենասիրելի ուտեստներից մեկն է: Այն շատ հեշտ է պատրաստվում և շատ ժամանակ չի խլում: Իսկ եթե հավի թևիկները նախորդ գիշեր մարինացնեք, ինչպես ես սովորաբար անում եմ, ապա այն ընդամենը մի քանի րոպե ձեզանից կխլի, քանի որ մնացած գործը ջեռոցն է կատարելու: Միայն չմոռանաք հետևել ժամանակին ու անջատեք ջեռոցը ճիշտ ժամանակին, որպեսզի ուտեստը չվառեք:  :):):) Այս նկարում տեսնում եք այսօրվա բաղադրատոմսի արդյունը: Ախորժաբեր տեսք ունի չէ՞: Այն ոչ միայն լավ տեսք ուներ, այլ նաև շատ համեղ էր: :):):)


Այժմ անցնենք բաղադրատոմսին: Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
  • հավի թևիկներ (1 կգ)
  • կարտոֆիլ (1,5 կգ)
  • սխտոր (3-4 պճեղ)
  • բուսայուղ (3 ճաշի գդալ)
  • մեղր (1 ոչ լիքը ճաշի գդալ․ այն շատ հետաքրքիր համ կհաղորդի ուտեստին (մի վախեցեք, հավի թևիկները քաղցր համ չեն ունենա :):):) ), և կօգնի որ հավի թևիկներ շատ գեղեցիկ կարմրեն)
  • աղ (ըստ ձեր ճաշակի)
  • սև և կարմր պղպեղ (ըստ ձեր ճաշակի)
  • չաման (1 թեյի գդալ)
Այժմ անցնենեք ուտեստի պատրաստմանը քայլ առ քայլ․
  • Ինչպես արդեն նշեցի, խորհուրդ եմ տալիս հավի թևիկները մարինացնել նախորդ գիշեր: Պարզապես թևիկները համեմեք աղով, սև և կարմիր պղպեղներով, չամանով, մեղրով, բուսայուղով և ճզմած կամ կտրատած սխտորով: Մի լավ խառնեք, փակեք կափաիչով, կամ մթերքների համար նախատեսված թափանցիկ թաղանթով և դրեք սառնարանը:
  • Հաջորդ օրը ձեզ կմնա միայն լավ լվանալ (խոզանակով) կարտոֆիլները տաք, հասող ջրի տակ, որպեսզի հողի ոչ մի մնացորդ չմնա կարտոֆիլների մակերեսի վրա, քանի որ կարտոֆիլի կեղևը չենք մաքրելու (եթե ինչ-որ պատճառով ձեզ դուր չի գալիս այս գաղափարը, ապա կարող եք, իհարկե կեղևահան անել կարտոֆիլները :)))): Այնուհետև կտրատեք կարտոֆիլները խոշոր կտորների, համեմեք աղով, սև և կարմիր բիբարներով, բուսայուղով ու մի լավ խառնելուց հետո շարեք տապակի վրա՝ արդեն մարինացված հավի թևիկների հետ միասին: Տապակը տեղավորեք նախօրոք տաքացված (200 C) ջեռոցի մեջ և տապակեք մոտ մեկ ժամ, կամ մինչև հավի թևիկները և կարտոֆիլը կեփվեն և գեղեցիկ կկարմրեն (պատրաստման ժամանակը կարող է մի քիչ տատանվել՝ կախված ձեր ջեռոցից):

Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այսօրվա բաղադրատոմսը: Մաղթում եմ ձեզ լավ հանգստյան օրեր: Մինչ հանդիպում: :) :) :)

Flag Counter

Wednesday, April 8, 2015

ՉԱՄԻՉՈՎ ԲԼԻԹՆԵՐ ՇՈԿՈԼԱԴԵ ՍՈՈՒՍՈՎ (ԳԼԱԶՈՒՐՈՎ)

Ողջույն բոլորին: Այսօրվա բաղադրատոմսը դուր կգա բոլոր քաղցրասեր մարդկանց և, իհարկե, երեխաներին: Չամիչով այս բլիթները կարող եք պատրաստել շաբաթ կամ կիրակի օրը՝ առավոտյան, այն հրաշալի նախաճաշ կլինի բոլորի համար: Եթե չամիչ չեք սիրում ինչ-որ պատճառով, կամ չունեք ձեռքի տակ, հոգ չէ, կարող եք առանց չամիչի պատրաստել: Որդիս՝ Կարենը, շատ է սիրում չամիչ, այդ է պատճառը, որ որոշեցի մի քիչ չամիչ ավելացնել: Արդյունքում շատ համեղ, ոչ շատ յուղոտ բլիթներ ստացվեցին: Բլիթների մի մասը մատուցեցի շոկոլադե սոուսով՝ գլազուրով, (Կարենս նախընտրեց այս տարբերակը), մի մասը՝ բանանով և շոկոլադե սոուսով, իսկ մնացածը՝ նարնջով և շաքար փոշիով: Իսկ ես իմ բլիթները նախ թաթախեցի շոկոլադե սոուսի մեջ, այնուհետև ավելացրեց և՛ բանան, և՛ նարինջ:  Իսկ դուք որ՞ը կնախընտրեիք: :) :) :)


Իսկ հիմա անցնենք բլիթների պատրաստմանը: Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները:
Բլիթի խմորի համար՝
  •  թթվասեր կամ մածուն (200 գր)
  • ձու հատ (3 հատ)
  • շաքարավազ (1/2 բաժակ)
  • սոդա (1/2 թեյի գդալ)
  • աղ (մի պտղունց)
  • վանիլ  (մի պտղունց)
  • ալյուր (1 բաժակ)
  • չամիչ (1/2 բաժակ)
  • բուսայուղ (բլիթները տապակելու համար)
Շոկոլադե սուսի (գլազուրի համար)՝
  • կակաո (2 լիքը ճաշի գդալ)
  • կաթ (100 մլ, կարող եք փոխարինել թթվասերով, շատ համեղ է ստացվում)
  • շաքարավազ (2 ճաշի գդալ)
  • կարագ (50 գր)
  • վանիլ (մի պտղունց)
Այս բաղադրատոմսով կարելի է պատրաստել ավելի քան 25 փոքրիկ բլիթ՝ կախված, թե ինչ տրամագծի բլիթներ եք պատրաստում:

  • Բլիթի խմորը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է ջարդել ձվերը, ավելացնել շաքարավազը և հարել էլեկտրական հարիչով (կամ պարզապես պատառաքաղով): Թթվասերի կամ մածունի մեջ ավելացնել սոդան և մի լավ խառնելուց հետո ավելացնել հարած ձվերի զանգվածին: Այնուհետև, ավելացնել մի պտղունց աղ, վանիլը, ալյուրը և նորց հարել էլեկտրական հարիչով: 

Tuesday, April 7, 2015

ՍՊԱՍ / ԹԱՆԱՊՈՒՐ

Ողջու՜յն բոլորին: Այսօր որոշեցի սպաս պատրաստել և կիսվել ձեզ հետ սպասի պատրաստման իմ բաղադրատոմսով: Եթե ես լավ չեմ զգում և ուզում եմ բեռնաթափել օրգանիզմս, ապա անպայման սպաս եմ պատրաստում: Սպասը կաթնամթերքից պատրաստվող  իմ ամենասիրելի ճաշատեսակն է: Այսօր որոշեցի սպասը մատուցել չորահացով: Շատ համեղ համադրություն ստացվեց:


Ահա՝ ես ինչպես եմ պատրաստում հայկական ավանդական սպասը:
Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները,
  • մածուն (1լիտր, կարող եք օգտագործել նաև մածուն թթվասեր խառնուրդը)
  • ձավար (1,5 բաժակ)
  • ձու (2 հատ)
  • կարագ (50 գր)
  • համեմ (մի փոքր փունջ)
  • անանուխ (մի քանի ճյուղ)
  • ջուր (1լիտր)  
  • աղ (ըստ ձեր ճաշակի)   

Այժմ անցնենք պատրաստման եղանակին․
  • Նախօրոք եփել ձավարը մոտ կես ժամ: 
  • Մածունը լցնել կաթսայի մեջ, ձվերը ջարդել, մի քիչ աղ ավելացնել և մի լավ խառնել: Դնել կրակին և խառնելով հասցել եռման ջերմաստիճանի: 
  • Այս ընթացքում 1լ ջուր եռացնել:
  • Երբ մածունը սկսում է եռալ, ավելացնել եփած ձավարը (տաք վիճակում) և խառնելով հասցնել եռման ջերմաստիճանի: Այնուհետև ավելացնել եռման ջուրը: Այստեղ շատ կարևոր է, որ բոլոր բաղադրիչները նույն եռման ջերմաստճանն ունենան, որպեսզի մածունն ու ջուրը չառանձնանան իրարից: Եփել մոտ կես ժամ: 
  • Երբ սպասն արդեն պատրաստ է ավելացնել կարագը, կտրատած համեմն ու անանուխը: Խառնել այնքան, մինչև կարագն ամբողջությամբ հալվի: 
  • Սպասը վերցնել կրակից  և թողնել, մի քիչ հովանա և համեմն ու անանուխն իրենց համն ու բույրը փոխանցեն սպասին:

Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը: Մինչ նոր հանդիպում: :) :) :)

Flag Counter

Monday, April 6, 2015

ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԱՂՑԱՆ

Ողջու՜յն բոլորին: Այսօր որոշեցի կսվել ձեզ հետ այս շատ հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ ու յուրօրինակ աղցանով: Ահա՝ ինչպիսի տեսք ունի աղցանը․ ախորժաբեր տեսք ունի, չէ՞ :) :) :) Չորահացերն էլ ավելի են ընդգծում այս աղցանի համն ու խրթխրթոցը:

Ահա, թե ինչ սննդամթերքներ են անհրաժեշտ այս աղցանը պատրաստելու համար․
  • հազարի տերևներ (1 կապ)
  • գազար (2 հատ միջին)
  • բազուկ (1 հատ փոքր չափի)
  • գլուխ սոխ (1/4 գլուխ)
  • պահածոյացված եգիպտացորեն (1 փոքր տուփ)
  • կիտրոն (1/4 կիտրոն)
  • համեմ, սամիթ (մի փոքր փունջ)
  • անանուխ (մի քանի ճյուղ)
  • կանաչ սոխ (3-4 հատ)
  • աղ (ըստ ձեր ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (1/4 թեյի գդալ սև պղպեղ և 1 թեյի գդալ քաղցր կարմիր պղպեղ)
  • բուսայուղ (2 ճաշի գդալ)

Այժմ անցնենք աղցանի պատրաստմանը՝ քայլ առ քայլ․
  • Կտրատել գազարը շատ բարակ, երկար ձողերի, բազուկը նույնպես շատ բարակ շերտատել: Սոխը կտրատել մանր խորանարդների: Կտրատել համեմեմը, սամիթը, անանուխը, կանաչ սոխը և լցնել մեծ աղցանամանի մեջ: Պահածոյացված եգիպտացորենը ջրքամել և ավելացնել մնացած մթերներին:
  • հազարի տերևները կտրատել ձեռքերով և ավելացնել արդեն կտրատված բանջարեղենին:
  • Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով և բուսայուղով: Մի լավ խառնել: Լցնել մատուցվող ամանի մեջ և մատուցելուց անմիջապես առաջ կիտրոնի հյութով ցողել: 
Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս աղցանը: Մինչ նոր հանդիպում: :) :) :)

Flag Counter