Wednesday, March 25, 2015

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԵՎ ԳԱԶԱՐՈՎ ՁՎԱԾԵՂ

Ողջու՜յն բոլոր կարդացողներին: Երբևէ պատրաստե՞լ եք կարտոֆլով ու գազարով ձվածեղ: Եթե ոչ, ապա անպայման խորհուրդ կտամ փորձել այս բաղադրատոմսը: Հավատացնում եմ՝ դուք հաճելիորեն կզարմանաք ու կզարմացնեք ձեր ընտանքի անդամներին: Ահա այսօրվա բաղադրտոմսը:


 Ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
  • կարտոֆիլ (4 միջին չափի)
  • գազար (2 միջին չափի)
  • ձու (3 հատ)
  • սոխ կամ սխտոր  (ես օգտագործում եմ միայն սխտոր, 2 պճեղ, որովհետև տան անդամներից մի քանիսը եփած սոխ չեն սիրում, բայց եթե դուք սիրում եք անպայման սոխ էլ ավելացրեք: Այդպես ավելի համեղ կստացվի ձեզ համար) 
  • կանաչի՝ համեմ, սամիթ (մի փոքր փունջ)
  • բուսայուղ ( ես օգտագործում եմ 3 ճաշի գդալ, բայց ցանկության դեպքում կարող եք ավելի շատ լցնել, եթե մտահոգվում եք, որ կարտոֆիլը թավային կկպչի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի, ես օգտագործում եմ 1/3 թեյի գդալ սև պղպեղ և 1 թեյի գդալ քաղցր կարմիր պղպեղ)
  • աղ (ըստ ճաշակի)

Այժմ անցնենք պատրաստման եղանակին․
  • Նախ և առաջ կտրատեք նախօրոք մաքրած ու լվացած կարտոֆիլն ու գազարը ոչ շատ խոշոր խորանարդների: Թավայի մեջ լցրեք բուսայուղը, կտրատած կարտոֆիլն ու գազարը և տապակեք փակ կափարիչի տակ մոտ 5-7 րոպե:
  • Խառնեք կարտոֆիլն ու գազարը: Ավելացրեքլ կտրատած սխտորը (եթե տապակած սոխ եք սիրում, ուրեմն ավելացրեք կտրատած սոխը), համեմեք աղով, սև և կարմիր պղպեղներով: Փակեք կափարիչը և տապակեք ևս 10 րոպե:
  • Այս ընթացքում ձվերը ջարդեք ամանի մեջ, մի քիչ աղ ավելացրեք և հարեք պատառաքաղով:
  •  Այս ընթացքում կարտոֆիլն ու գազարը պետք է որ եփված և տապակված լինեն: Մի հատ էլ խառնեք կարտոֆիլն ու գազարը և ավելացրեք հարած ձվերը: Փակեք կափարիչն ու տապակեք ևս 3-5 րոպե: 
  • Մի քան րոպեից ձվածեղը պատրաստ է: Ավելացրեք կտրատած կանաչին, բաժանեք մասերի և մատուցեք:

Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը: Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքները: 

Flag Counter

No comments:

Post a Comment