Friday, June 5, 2015

ԵԼԱԿՈՎ,ՎԱՐՍԱԿԻ ՓԱԹԻԼՆԵՐՈՎ ԵՎ ԿԵՖԻՐՈՎ ՍՄՈՒԶԻ

Ողջույն բոլորին: Այսօրվա բաղադրատոմսը՝ ելակով, վարսակի փաթիլներով և կեֆիրով սմուզին, կհավանեն և՛ փոքրերը, և՛ մեծերը: Այն կարող եք պատրաստել նախաճաշի համար, կամ ընդհանրապես օրվա ցանկացած պահին: Եթե մի քանի սառույցի խորանարդներ ավելացնեք, կստացվի շատ թարմացնող և զովացնող ըմպելիք՝ ամառվա շոգ օրերի համար: Այն ոչ միայն համեղ, այլ նաև շատ առողջարար ընպելիք կլինի ինչպես ձեզ, այնպես էլ ձեր բալիկների համար: Ահա թե ինչպիսի տեսք ուներ այսօվա իմ պատրաստած սմուզին: Ես այն համադրեցի շոկոլադապատ թխվածքաբլիթով, ելակներով և շոկոլադե սնկերով: Դուք կարող եք զարդարել այն այնպես, ինչպես կամենաք, ընտրությունը ձերն է:


Այսօրվա բաղադրատոմսի համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ մթերքները․
  • Կեֆիր (կարող եք փոխարինել մածունով կամ յոգուրտով, 1 մեծ բաժակ)
  • Ելակ (10 հատ խոշոր չափի, մոտավորապես 200 գր, որից մի քանի հատը պահեք զարդարելու համար)
  • Վարսակի փաթիլներ ( 2 լիքը ճաշի գդալ)
  • Մեղր կամ շաքարավազ՝ ձեր ընտրությամբ (1 ճաշի գդալ)
  • Սառույցի կտորներ (6 հատ խոշոր չափի)
  • Զարդարելու համար՝  շոկոլադե թխվածքաբլիթ (2 հատ), շոկոլադե սնկեր (4 հատ)
Վերոհիշյալ մթերքները կբավականացնեն 2 բաժին սմուզի պատրաստելու համար:

Պատրաստման եղանակը․
  • Բոլոր բաղադրիչները (կեֆիրը, ելակները, վարսակի փաթիլները, մեղրը կամ շաքարավազը, ինչպես նաև սառույցի կտորները) լցնել բլենդերի մեջ և հարել մինչև միատարր զանգված ստանալը: 

  • Պաստրաստի սմուզին լցնել ապակե բաժակների մեջ և զարդարել ինչպես կամ ինչով որ ուզում եք կամ ունեք ձեռքի տակ (ես այս անգամ զարդարել եմ ելակներով, շոկոլադապատ թխվածքաբլիթով և շոկոլադե սնկերով) և մատուցել:

Կարենս որոշեց նախ և առաջ թխվածքաբլիթը ուտել․․․․ :Ճ :Ճ :Ճ


Հուսով՝ եմ ձեզ դուր եկավ այսօրվա բաղադրատոմսը: Մաղթում եմ բոլորին հաճելի հանգստյան օրեր: Մինչ հանդիպում: :) :) :)

Flag Counter